News

16
Nov

Հայաստանի Արտաքին Քաղաքականութիւնը Չափազանց Անորոշ Է

Վերջերս Հայաստան այցելած Միացեալ Նահանգներու նախագահի խորհրդական Ճոն Պոլթընը յայտարարեց, որ Միացեալ Նահանգները կը ցանկան առաւելագոյն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ ան չէ հրաժարած հիւլէական զէնք ստեղծելու ջանքերէն: Ասիկա ի՞նչ ազդակ էր Հայաստանին, ի՞նչ կը փոխուի հայ-իրանական յարաբերութիւններուն մէջ: Վերջապէս, ի՞նչ քաղաքականութիւն կը վարէ ներկայիս Հայաստանը Իրանի հետ` հաշուի առնելով, որ հակառակ բազում յայտարարութիւններու` վարչապետ Փաշինեանն այդպէս ալ դեռ Իրան չէ այցելած` երկու անգամ հրաւէր ստանալէ ետք: Այս իրավիճակի վերաբերեալ «Իրաւունք»-ը զրուցեց Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի իրանահայ պատգամաւորի թեկնածու Կարէն Խանլարեանին հետ, որ անդրադառնալով ներկա հայ-իրանական յարաբերութիւններուն եւ Պոլթընի յայտարարութիւններուն` փաստեց.

«Որոշակի անհանգստութիւն իրանական կողմն ունի»

– Հայ-իրանական յարաբերութիւններում, յամենայն դէպս, ներկայ պահին, խիստ վտանգաւոր իրավիճակ չկայ, բայց անորոշութիւններ կան: Այդ անորոշութիւններն էլ իրանական կողմը դեռեւս փորձում է կապել ՀՀ-ում ներկայ ներքաղաքական իրավիճակի եւ առաջիկայ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների հետ: Ընտրութիւններից յետոյ, ուզում ենք հաւատալ, որ ներկայ անորոշութիւնները ի սպառ կը վերանան: Որովհետեւ այսօր Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը չափազանց անորոշ է, եւ տպաւորութիւն կայ, որ արտաքին քաղաքականութիւնը ենթակայ է ներքին քաղաքական կեանքին: Յուսանք, որ ընտրութիւններից յետոյ այդ անորոշութիւնը կը վերանայ, եւ ներկայիս իշխանութիւնները կը շարունակեն նախորդների վարած քաղաքականութիւնը Իրանի հետ: Ինչ վերաբերում է Հայաստանում Միացեալ Նահանգների նախագահի ազգային անվտանգութեան գծով խորհրդական Պոլթընի արած Իրանի մասով, այսպէս ասած, յեղյեղուկ յայտարարութիւններին, ապա այստեղ որոշակի անհանգստութիւն իրանական կողմը ունի: Թէպէտ կրկին կարծում ենք, որ ՀՀ վարչապետի պաշտօնակատարի խօսքը, որ իւրաքանչիւր մարդ իր կարծիքն ունի, իրապէս այդպէս է: Ինչը հաւատ է ներշնչում, որ ներկայ անհանգստութիւնները, անորոշութիւնները կը վերանան ընտրութիւններից յետոյ:

– Պարո՛ն Խանլարեան, խօսակցութիւններ կան, որ վերջին ժամանակներս իրանական բեռնատարներն ինչ-ինչ խնդիրների են բախւում հայկական մաքսակէտում:

–  Այո՛, հնարաւոր է, բայց չեմ կարծում, որ դա կապ ունի Հայաստանի` Իրանի նկատմամբ ինչ-որ քաղաքականութեան փոփոխութեան հետ: Իրանն այսօր մաքսանենգութեան երեւոյթի դէմ լուրջ միջոցառումներ է ձեռնարկում, որպէսզի մաքսանենգութեան հետ կապուած խնդիրները առհասարակ վերանան Իրան-Հայաստան սահմանագծի վրայ: Այդ իմաստով չեմ կարծում, որ դա որեւէ կապ ունի Հայաստանի հետ:

«Միացեալ Նահանգների պատժամիջոցները կարող են տարածաշրջանում շատ լուրջ վտանգներ բերել»:

– Միացեալ Նահանգների կիրառած պատժամիջոցները արդէն իսկ իրենց զգացնել տալիս են Իրանում: Առհասարակ, ի՞նչ վտանգներով է յղի այս իրավիճակը տարածաշրջանի համար:

– Պատժամիջոցները, իրապէս, իրենց բացասական հետքերը թողել են Իրանում: Տոլարի արժէքը եռապատիկ է դարձել, ինչն արագօրէն ազդում է տնտեսութեան բոլոր ոլորտների վրայ: Շատ դժուար է այսօր ինչ-որ կերպ շրջանցել, դիմագրաւել այդ պատժամիջոցներին: Ի հարկէ, իշխանութիւնները կարողանում են դեռեւս դիմագրաւել նաւթային պատժամիջոցներին, որովհետեւ ունեն այդ կամքը: Միաժամանակ, Իրանի համար նաւթային պատժամիջոցներին դիմագրաւելը այդքան էլ բարդ չէ, քանի որ ունի այդ հնարքների գործիքները: Այսինքն թէ՛ իշխանութիւնները, թէ՛ գործադիր եւ դատական մարմինները ունեն կամք եւ կարողանում են դիմագրաւել Տոնալտ Թրամփի քաղաքական քմահաճոյքներին: Կարծում եմ` գերտէրութիւնները շատ լաւ հասկանում ու գիտակցում են, որ եթէ Իրանին փորձեն մեկուսացնել նաւթային իմաստով, շատ դժուար իրավիճակ կը ստեղծուի: Որովհետեւ նաւթային աղբիւրները, նկատի ունեմ` Սէուտական Արաբիայի, Իրաքի, շատ արագ կը սպառեն: Արդիւնքում, աշխարհը կը կանգնի ուժանիւթային մի նոր խնդրի առաջ: Այնպէս որ, Միացեալ Նահանգներ վաղ թէ ուշ պարտաւոր են լինելու վերանայել Իրանի նկատմամբ իրականացուող պատժամիջոցների քաղաքականութիւնը: Ի հարկէ, Միացեալ Նահանգներ ունեն այն յաւակնութիւնները, որ կարող է իրենք հանդէս գալ որպէս նաւթի գլխաւոր մատակարար, բայց ես չեմ կարծում, որ դա այդքան հեշտ բան է: Եւ վաղ թէ ուշ Եւրոպան եւ առհասարակ` աշխարհը ուժանիւթային խնդիրների դէմ յանդիման կը կանգնեն, եւ հէնց այդ ժամանակ արդէն անհրաժեշտութիւն կը լինի վերանայելու Միացեալ Նահանգների սխալ քաղաքականութիւնը: Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ապա իսկապէս Միացեալ Նահանգների պատժամիջոցները կարող են շատ լուրջ վտանգներ բերել: Կարծում ենք, որ այս առիթով Հայաստանը` որպէս Իրանի բարեկամ երկիր, առիթը պէտք չէ բաց թողնի իր, այսպէս ասած, խօսքը հասցնելու Միացեալ Նահանգներին: Հայ-իրանական յարաբերութիւններում երկուստեք համագործակցութիւնը շարունակելու տրամադրութիւն, ամէն դէպքում, նկատւում է: Տեսնենք:

Զրոյցը վարեց Իլոնա Ազարեան

 

Source: Yerakouyn

You are donating to : Greennature Foundation

How much would you like to donate?
$10 $20 $30
Would you like to make regular donations? I would like to make donation(s)
How many times would you like this to recur? (including this payment) *
Name *
Last Name *
Email *
Phone
Address
Additional Note
paypalstripe
Loading...